Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները թեպետ ցույց տվեցին, որ «Իմ քայլը» դաշինքը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, այնուամենայնիվ, էյֆորիայի ալիքը գնալով կարող է նահանջ ապրել, հիասթափությունների տեղիք տալ, ու մարդիկ, իրավիճակը սթափ գնահատելով, առաջիկա ընտրություններին առաջնորդվեն ոչ թե հուզականությամբ, այլ բանականությամբ:
Կարելի է կանխատեսել, որ արդեն իսկ շահարկվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս պահի դրությամբ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մեկ այլ կուսակցության ձեռնտու չէ, քանի որ վերջիններս ռեսուրսները ճիշտ գնահատելու և ընտրազանգվածի համար համոզիչ այլընտրանք դառնալու գերխնդիր ունեն: Հետևաբար, ինչքան ուշ լինեն ընտրությունները, այնքան կշահեն դաշտի մյուս խաղացողները: Քաղաքագիտական տեսանկյունից՝ շահերի նմանօրինակ բախումը հանգեցնում է քաղաքական ճգնաժամի:
Խորհրդարանական առնվազն երեք ուժերի՝ հանրապետականի, «Ծառուկյան» դաշինքի ու ՀՅԴ-ի համար արտահերթ ընտրությունների անցկացումը լրջագույն մարտահրավեր է, ուստի այդ ուժերն առայժմ հստակ դիրքորոշմամբ հանդես չեն եկել: Ճիշտ է, վերոնշյալ խմբակցությունների առանձին պատգամավորներ ելույթներ են ունենում, հարցազրույցներ են տալիս, որոնք թեև նույն տրամաբանության մեջ են, բայց երբեմն էլ հակադրվում են միմյանց: Խորհրդարանական ուժերն ընդհանրական դիրքորոշում արտահայտել չեն կարող այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ ու քննարկել արտահերթ ընտրությունների գնալու տարբերակներն ու մեխանիզմները:
Հայտնի է, որ վարչապետի պաշտոնից հրաժարվելու Փաշինյանը չի պատրաստվում, իսկ սահմանադրական հանրաքվեի գնալը ժամանակատար է: Իշխանական շրջանակներն արդեն իսկ սկսել են շրջանառել արտահերթ ընտրությունների գնալու ամենակարճ ճանապարհը՝ խորհրդարան բերել սահմանադրական բարեփոխումների նախագիծ, ըստ որի, Ազգային ժողովը կլուծարվի առանց վարչապետի հրաժարականի։ Կամ էլ պայմանավորվածություն ձեռք բերել, որ գործադիրի ղեկավարի հրաժարականի դեպքում նոր թեկնածու չի առաջադրվելու: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առավել շատ հակված են առաջին՝ վարչապետի աթոռն անսասան պահելու տարբերակին:
Արտահերթ ընտրությունների համար ուղիներ փնտրելիս, երբ օրենսդիր ու գործադիր մարմինների տարաբևեռ ուժերը մտածում են իրենց իշխանությունն ամեն գնով պահելու մասին, հաշվի չի առնվում մեկ կարևոր հանգամանք՝ իսկ ի՞նչ է լինելու այդքան չարչրկված Ընտրական օրենսգրքի ճակատագիրը, որի նախագիծն անգամ պատրաստ չէ: Ե՞րբ է այն ուղարկվելու Վենետիկի հանձնաժողով, ե՞րբ են եզրակացություններն ի մի բերվելու, եր՞բ է այն ներկայացվելու Աժ-ի քննարկմանը, ինչի ընդունումից հետո միայն, ըստ ներկա կառավարիչների նախկինում արած վստահ հայտարարությունների, կարելի կլինի խոսել արտահերթ ընտրությունների մասին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ